Մենյու
Դիմել հիմա
HY EN
07 Nov 2025

ԲԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Բիզնես և կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԲԿԱ ՀԿ) «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ենթադրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ ԵԾ)։ ԵԾ գործողությունների պլանին համապատասխան 2025թ.Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի հանրային քննարկումը: Հանրային քննարկմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Միասնական սոցիալական ծառայության, ՔՀԿ-ների և «Օթևան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ հանրային քննարկմանը ներկա էին 25 մասնակից, որոնցից 15-ը կին էին, 10-ը՝ տղամարդ։ Մասնակիցների 44%-ը մինչև 35 տարեկան էին։ Քննարկման բացման խոսքով «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» ՀԿ, նախագահ, «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը ներկացրեց ենթադրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակները և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների Հայկական Ասոցիացիա» ՀԿ նախագահ և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ով ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ստեղծման նպատակները, առաքելությունը, ինչպես նաև դրա շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ենթադրամաշնորհային ծրագրի փորձագետ Սուսաննա Եղիազարյանը ներկայացրեց Սոցիալական Աջակցության Ոլորտի «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» (1011) ծրագրի սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման հետ կապված միջոցառումների 2025թ․ առաջին կիսամյակի մոնիթորինգի արդյունքները, մասնավորապես ՝  1011 ծրագրի միջոցառումների 2024-2025թթ․ առաջին կիսամյակի կատարողական ցուցանիշների փոփոխությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ,  Սոցիալական բնակարանների տրամադրման ծրագրերի միջազգային և հայաստանյան փորձի համառոտ ակնարկը,  «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում» (11007) միջոցառման 2023-2025թթ․ առաջին կիսամյակի կատարողական ցուցանիշները,  Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների մաս կազմող սոցիալական ծառայություների տրամադրման վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների բացակայությունը,  Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին կոմունալ որոշ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման (12007) և Սոցիալական բնակարանային ֆոնդի շենքերի վերանորոգման (32001) միջոցառումների առաջին կիսամյակի կատարողական ցուցանիշները,  «Օթևան» ՊՈԱԿ-ի կողմից սոցիալական բնակֆոնդի կառավարման խնդիրները,  Մոնիթորինգի արդյունքներով ձևավորված եզրակացությունները և առաջարկությունները։ Ենթադրամաշնորհային ծրագրի երիտասարդ մասնագետ Արմինե Գրիգորյանը ներկայացրեց Սոցիալական աջակցության ոլորտի 2025թ․ բյուջեի վերլուծության արդյունքները, որոնք վերաբերում էին՝  ՀՀ Պետական բյուջեի ծախսերին և 2021-2025թթ. սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեի ֆինանսավորման միտումներին,  Սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերի ուղղություններին և բյուջետային ծրագրերի տեսակարար կշիռին ոլորտի ծախսերում,  Սոցիալական աջակցության 2025թ ըստ ծրագրերի բյուջեի կառուցվածքին, այդ թվում՝ «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրին։ Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում: Ներկայացված արդյունքների վերաբերյալ մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողներին, ներկայացրեցին իրենց դիտարկումները։  Քննարկում ծավալվեց զեկույցում նշված 2025թ․ 1-ին կիսամյակում բնակարանների զբաղվածության ցածր՝ 41.9% մակարդակի շուրջ (պլանային ցուցանիշը՝ 446 բնակարան, փաստացի բնակեցված է 187 բնակարանը, տարբերություն՝ 259)։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) գործընկերների մեկնաբանության համաձայն Գավառի ՊՈԱԿ-ը, որը մանկատան շենք էր, նոր է լուծարվել և կարիք ունի հարմարեցվելու սոցիալական բնակարանի՝ հետագայում բնակեցվելու համար։ Ներկա պահին ոչ ոք չի բնակվում այդ շենքում, քանի որ այն գտնվում է նախագծման և նախագծանախահաշվարկային փուլում։ Նախարարության ֆինանսական բաժնի ներկայացուցիչը հավելեց, որ ոչ ֆինանսական ցուցանիշները կարիք ունեն որոշակի ճշգրտումների։  Քննարկվեցին նաև «Օթևան» ՊՈԱԿ-ի կողմից սոցիալական բնակֆոնդի կառավարմանը առնչվող խնդիրները։  Համաձայնություն ձեռքբերվեց վերլուծության և մոնիթորինգի արդյունքների շուրջ ՀՀ ԱՍՀՆ գործընկերների հետ հետագա աշխատանքային քննարկումների անցկացման վերաբերյալ։  Նշվեց նաև ԵԾ արդյունքների նշանակությունը Հայաստանում հաջորդ տարիների բյուջետային գործընթացների բարելավման առումով։ Միջոցառման ավարտին հյուրասիրության սեղանի շուրջ տեղի ունեցան մասնակիցների ազատ շփումներ, դեմ առ դեմ ակտիվ առարկայական քննարկումներ: © Սույն լրատվականեղեկատվական նյութը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։